ՉԱԼՈ

Օրերից մի օր «Փրկենք Կենդանիներին» կամավորների խումբ» քաղաքացիական նախաձեռնության facebook-ի էջում հայտնվեց մի նամակ:

Ժողովուրդ ջան!!!! ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ է ՊԵՏՔ!!! Մեր բակի շներից մեկի ոտքը վիրավոր է /հավանաբար գիշերը կրակել են վրան/: Խեղճը տանջվում է: Ցավից ու շոգից թուլացած պառկել է մեր մուտքի պատի տակ: Հազիվ շնչում է: Չգիտեմ ինչ անեմ, ինչպես օգնեմ, ինչպես փրկեմ իրեն???? ԽՆԴՐՈՒՄ եմ օգնեք, կամ խորհուրդ տվեք'ինչ անեմ նրան փրկելու համար...

 

Այն Երևանի քաղաքապետ' Կարեն Կարապետյանի էջին նկատել էր Գայանե Օսիպյանը ու միանգամից «տեղափոխել» ակտիվիստների էջը: Ռուզան Քազարյանը օգնություն էր փնտրում Համացանցի էջերում: Որոշ ժամանակ անց մի խումբ կամավորներ մեկնեցին դեպքի վայր և գտան նրան' Չալոյին:

Չալոն մոտ 3 տարեկան չքնաղագեղ մի շուն էր: Հավանաբար, դալմատինի խառնուրդ էր: Կարծում եմ' նկարները խոսքերից համոզիչ են: Հայտնաբերվեց, որ Չալոն իսկապես ունի լուրջ խնդիրներ, և բժշկի հետազոտումից հետո մենք իրեն տարանք ռենտգենի: Երևի կպատկերացնեք, թե ինչքան բարդ է մեքենայով Նորք-Մարաշ հասցնել կրակած ոտքով շանը... Խեղճ Չալո... Էլ չեմ ասում, թե ինչ դժվարությամբ իրեն տեղադրեցինք սեղանին: Նույնիսկ ցավազրկող դեղը ի զորու չէր հանգստացնել ցավը, և Չալոն, շատ հավասարակշռված շուն լինելով հանդերձ, չէր կարողանում հանգիստ պառկել ռենտգենյան ճառագայթների տակ: Անգամ հիվանդանոցի աշխատողները չկարողացան անտարբեր մնալ և ամեն կերպ փորձում էին օգնել: Վերջում էլ առողջություն մաղթեցին մեր գեղեցկուհուն: Ռենտգենի նկարները նայելուց հետո մեր բժիշկը եզրակացրեց, որ ոտքի կոտրվածքը ժամանակի ընթացքում կվերականգնվի, իսկ փամփուշտներից վերքերի համար նշանակեց հակաբիոտիկներ' թարախային պրոցեսը կանխելու նպատակով: Մնաց ամենակարևոր հարցը...

Իսկ ո ՞ւր տանենք մեր Չալոյին...

Այդ ժամանակ մեզ օգնության եկավ Էդիտան: Զարմանալի է, երբ, առանց այդ էլ գտնվելով գերծանրաբեռնված վիճակում, հետևելով միանգամից մի քանի շան ձագերի, այնուամենայնիվ, նա կարողացավ տեղ և ժամանակ գտնել Չալոյին խնամելու համար:

Կեցցե՜ Էդիտան...

Այդպես սկսվեցին Չալոյի անհոգ օրերը: Նա ամեն օր ընդունում էր իր դեղերն ու համապատասպան սնունդը:

Եվ Չալոն սկսեց ապաքինվել, ընդ որում' մեծ արագությամբ: Էդիտայի ձեռքերը հրաշք գործեցին: Բայց, ասեմ, որ դա նրան հեշտ չտրվեց, քանի որ պարզվեց, որ Չալոն արիստոկրատ ընտանիքից է և մսից բացի ուրիշ ոչինչ չի ուտում: Համոզե ՞լ նրան ճաշ ուտել: Ի ՞նչ եք ասում: Ավելի հեշտ կլիներ բուսակերին «չալաղաջ» հյուրասիրել...

Իհարկե, կամավորներն ու Ռուզանը փորձում էին տեր գտնել մեր արքայադստեր համար: Սակայն, հասկանում եք, բավականին դժվար է տարիքով շան համար գտնել մի տեղ, որը կդառնար նրա տունը:

Ասեմ, որ իր կյանքի ընթացքում Չալոյին հաջողվեց նաև հայտնվել Աննա Ժամխարյանի տանը: Աննայի հարևանները սիրահարվեցին շանը: Դե, Աննայի մասին էլ չասեմ: Կարճ ասած, բոլորին խելքահան արեց մեր Չալոն: Եվ ձգվեց նրա արքայությունը Զեյթունից մինչ Նոր Նորք:

Անցան օրեր... Չալոն նորից Զեյթունում էր: Եվ, ինչպես գեղեցիկ հեքիաթներում է լինում, Էդիտայի բակում հայտնվեց Սևոն' արքայազնը, բայց առանց սպիտակ նժույգի: Եվ, ինչպես չի նշվում հեքիաթներում, նրանք ունեցան իրենց «ամուսնական գիշերը»: Պարզվեց, որ Չալոն ու Սևոն այն եզակի զույգերից էին, ովքեր պատկանում էին «ադաթավոր» շների շարքին և օրեր չէին բաժանվում իրարից: Խաղում, ուտում էին միասին:

Եվ հայտնվեց բարի կախարդը... Այս դեպքում նա տղամարդ էր' Զեյթունի Հայորդաց տան տնօրենը, ով, Ռուզանից իմանալով Չալոյի մասին, սիրով համաձայնվեց նրան տարածք տրամադրել շինության ետևի այգում: Ինչպես երևում է նկարներից, այգին բավականին մեծ էր: Եվ այդ ամենը միայն Չալոյի համար...

Բոլորը ուրախացան: Կարծես թե' Happy End.

Բայց հեքիաթը մնում է հեքիաթ: Իսկ մենք ապրում ենք ռեալ կյանքով...

Պարզվեց, որ Չալոն հղի է: Անկեղծ ասած, մենք չլարվեցինք, լսելով այդ մասին, քանի որ վստահ էինք, որ Չալոյի և Սևոյի պես չքնաղ շների մոտ կծնվեն համապատասխանաբար չքնաղագույն ձագուկներ:

Եկավ այն օրը, երբ ձագերը լույս աշխարհ եկան: Իսկ Չալոն հեռացավ...

Ասում են, մահը' դա կյանքի վերջն է, բայց և մի բանի սկիզբը...

Մենք երբեք չենք մոռանա Չալոյին: Նրա ձագուկներն էլ կփորձեն վառ պահել իրենց մոր հիշատակը:

Մենք նրանց այդ հարցում անպայման կօգնենք...

Մնաս բարով, Չալո...

Last modified on Կիրակի, 29 Դեկտեմբերի 2013 11:52

Login to post comments

More in this category:

Բարի Գալուստ

Go to top